Բաժիններ՝

Գիշեր-ցերեկ տեխնոլոգիական տոն․ մեկնարկել է «ԴիջիԹեք 2025»-ը

Երևանը կրկին դարձել է տեխնոլոգիաների մայրաքաղաք։ Հոկտեմբերի 10-ին տրվեց տարվա ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք 2025»-ի մեկնարկը։ Այս տարի այն առանձնանում է նոր ձևաչափով՝ երեք օր ու երեք գիշեր անընդմեջ անցկացվող տոնահանդեսով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» կարգախոսով։

Ցերեկը՝ ցուցահանդեսներ, գործարար հանդիպումներ, տեխնոլոգիական կոնֆերանսներ, իսկ գիշերը՝ երաժշտություն, արվեստ և մշակույթ։ Այս անգամ տեխնոլոգիաները միավորվել են ստեղծագործականության հետ միևնույն տարածքում՝ դարձնելով միջոցառումը ոչ միայն բիզնես, այլև մշակութային իրադարձություն։

Բացման արարողության ընթացքում ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը հիշեց առաջին «ԴիջիԹեք»-ի համեստ սկիզբը՝ մոտ երկու տասնամյակ առաջ։

«Երբ առաջին անգամ էինք կազմակերպում «ԴիջիԹեք»-ը, դա փոքր նախաձեռնություն էր՝ մեծ երազանքով։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ երազանքը դարձել է իրականություն․ «ԴիջիԹեք»-ը միջազգային հարթակ է, որտեղ Հայաստանը ներկայանում է իր տեխնոլոգիական ուժով»,- ասաց նա։

Այս տարվա հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ն առանձնանում է իր ծավալով և բովանդակությամբ։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները մասնակցում են արհեստական բանականությանը, վենչուրային ներդրումներին և տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը նվիրված քննարկումներին։

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև մշակութային բաղադրիչին․ առաջին անգամ ԱՏՁՄ-ն ներկայացնում է DZEN փառատոնը, որտեղ համախմբվում են արվեստն ու տեխնոլոգիան։ Երեկոյան ժամերին բեմ են բարձրանում հայ և արտասահմանյան երաժիշտներ՝ Տիգրան Համասյանը, Մուրկոֆը և ուրիշներ՝ ստեղծելով յուրահատուկ «տեխնո-մշակութային» մթնոլորտ։

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսն իր ելույթում նկատեց՝ «ԴիջիԹեք»-ը դարձել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությունը, և Եվրոպական միությունն ուրախ է լինել դրա գործընկերներից մեկը։

Առաջին «ԴիջիԹեք»-ն անցկացվել էր դեռևս 2005 թվականին՝ տեխնոլոգիական համայնքի առաջնորդ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Եթե այն ժամանակ մասնակցում էր ընդամենը 30 ընկերություն, ապա այսօր ԴիջիԹեքը հարյուրավոր ընկերությունների և հազարավոր այցելուների միավորող հարթակ է՝ ապացուցելով, որ Հայաստանը կարող է լինել տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս