
Վրաստանում 20-ից ավելի ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել. այդ թվում Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և Պակիստանի քաղաքացիներ

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանի ՆԳՆ Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ներգաղթի վերահսկողության միջոցառումների ընթացքում ձերբակալել են 21 օտարերկրացու, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ Դեպարտամենտի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել կոնկրետ հասցեներով՝ Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով։
«Համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 21 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում են Հնդկաստանի, Չինաստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրանի և Եգիպտոսի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք գտնվել են երկրում՝ խախտելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջները։
Ներկայումս նշված անձինք տեղավորվել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղակայման կենտրոնում։ Համապատասխան ընթացակարգեր են իրականացվում՝ նրանց երկրից արտաքսելու համար», – ասվում է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության մեջ։