Գեղարքունիքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «Honda»-ն. վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գետափ-Մարտունի 78 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 36-ամյա Մեսրոպ Ն.-ի վարած «Toyota» մակնիշի և 62-ամյա Սուսաննա Բ.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Honda»-ի ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 66-ամյա Սեդա Բ.-ն, 25-ամյա Դիանա Զ.-ն, «Toyota»-ի վարորդ Մեսրոպ Մ.-ն, նրա ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Խ.-ն և 36-ամյա Ռուբեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ է գործել Մարտունու հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մեսրոպ Ն.-ն աշխատում է «ՌԱՖ ԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ում՝ որպես ինժեներ, իսկ վիրավորներից Ալիկ Խ.-ն և Ռուբեն Բ.-ն աշխատում են նշված ՓԲԸ-ում՝ որպես բանվոր:

Բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում:

Տեսանյութեր

Լրահոս