
Թեհրանն ու Մոսկվան քննարկել են փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում համագործակցության ընդլայնումը

Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, այս մասին հայտնում է IRNA-ն:
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան։
Կողմերը բանակցություններ են վարել փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում, ինչպես նաև «Հորմոզ» ատոմակայանի նախագծի և 1250 մեգավատ հզորությամբ էներգաբլոկների ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած քննարկումներում շեշտը դրվել է համատեղ նախագծերի արագացման վրա: Նշվել է, որ շուտով սպասվում է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այց Իրան՝Բուշերի 2-րդ և 3-րդ էներգաբլոկների հարցով:
Սեպտեմբերի սկզբին Էսլամին և Լիխաչովը քննարկել են խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարներն ու օրակարգերը։