Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին. խաղաղությունը արդյունք է. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում հաղթանակի ակնկալիքով և առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Թաթոյանը նշեց, որ իր ղեկավարած ուժն այս պահին արցախցիների վերադարձի հարց չի քննարկում, սակայն մեջբերեց միջազգային իրավունքի նորմերը։

«Ունենք 120 հազարից ավելի հայրենակիցներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից։ Նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Սա ինձանից չեմ հնարում, սա միջազգային սկզբունք է՝ հաստատված, գոյություն ունեցող միջազգային կանոն է։

Մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը։ Հատուկ նշել է սկզբունքներ՝ ապահով, կամավոր վերադարձ, կայուն վերադարձ։ Ավելին ասեմ՝ վերադարձի իրավունքն ամրագրված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանով, այլև այլ միջազգային փաստաթղթերով»,- ասաց Թաթոյանը։

Նա նշեց` հանցանքները, որոնք ադրբեջանական քաղաքականության և գործող իշխանության կոպիտ սխալների հետևանքով կատարվել են մեր նկատմամբ, երբեք մոռացության չեն մատնվելու։
Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունն այսօր արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձը նույնականացրել է ադրբեջանցիների՝ Արցախ վերադարձի հետ այն դեպքում, երբ միջազգային դատական ակտերով ադրբեջանցիների վերադարձի հարցն Արցախ փակվել է։

«Հատուկ ընդգծեմ, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցն առհասարակ։ Օրինակ՝ 2021 թ. ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս դատարանի քննության հարց չէ։ Եթե սա տեղի ունենա, ապա կլինի քաղաքական լուծումով, քանի որ ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու իրավական ճանապարհը փակ է»,- շարունակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս