
«Սլավմեդ»-ը՝ «Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր

Հոկտեմբերի 3–5-ը Երևանում կայացել է «Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովը՝ մեկ հարթակում համախմբելով առաջատար վիրաբույժների Հայաստանից և արտերկրից։
Երեք օր շարունակ ոլորտի 40 առաջատար մասնագետ ներկայացրել է շուրջ 60 գիտական զեկույց՝ անդրադառնալով դեմքի, կրծքի և մարմնի պլաստիկ վիրահատությունների հնարավոր բարդություններին, դրանց կանխարգելման և բուժման արդի մոտեցումներին։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը համաժողովի գլխավոր հովանավորն էր, քանի որ ընկերությունը մշտապես կարևորում է բժիշկների շարունակական կրթության, գիտելիքների արդիականացման և փորձի փոխանակման դերը մասնագիտական կարողությունների զարգացման հարցում: Համաժողովը մեկնարկել է «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Էդգար Հայրապետյանի բացման խոսքով։
«Համաժողովի առաքելությունն է համախմբել պլաստիկ և էսթետիկ վիրաբույժներին, միկրովիրաբույժներին, նպաստել Հայաստանում ոլորտի շարունակական զարգացմանը։ Նման գիտաժողովները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին քննարկելու բարդ կլինիկական դեպքերը, ներկայացնելու սեփական հետազոտությունները և կիսվելու նոր մոտեցումներով։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ և էսթետիկ վիրահատությունների ամբողջ ծավալը կատարվում է բարձր մակարդակով՝ ի դեմս «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի, որտեղ ներդրված են միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից մոտեցումները»,- նշել է Էդգար Հայրապետյանը։
Համաժողովին ներկայացվել են զեկույցներ, որոնք վերաբերում էին բլեֆարոպլաստիկայի, աբդոմինոպլաստիկայի, կրծքագեղձի ռեկոնստրուկցիայի, դեմքի և պարանոցի լիֆտինգի, մարմնի կոնտուրային պլաստիկայի, ինչպես նաև կոսմետոլոգիական միջամտությունների ընթացքում առաջացող բարդություններին և մաշկային խնդիրներին, դրանց կանխարգելման, վերահսկման, հետևանքների վերացման և բուժման ժամանակակից մեթոդներին։
«Միջոցառումը պարզապես հիասքանչ էր։ Ես խորապես տպավորված եմ և՛ զեկուցողների բարձր մակարդակով և ներկայացված զեկույցների բովանդակությամբ։ Սա բացառիկ նախաձեռնություն է, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ մասնագետների, այլև միջազգային գործընկերների համար։ Իսկ Հայաստանի հյուրընկալությունը՝ պարզապես անգերազանցելի է»,- իր տպավորություններով է կիսվել Սանկտ Պետերբուրգից ժամանած պլաստիկ վիրաբույժ Ալլա Պոբերեժնայան։
Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված պլաստիկ վիրաբույժ Լևոն Արամյանն իր զեկույցում անդրադարձել է մամոպլաստիկայից հետո հնարավոր երկրորդային, երրորդային բարդություններին։
«Ցանկացած մամոպլաստիկա կարող է ավարտվել բարդությունով, և մենք՝ բժիշկներս, պետք է տեղեկացված լինենք բոլոր հնարավոր խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման ուղիների մասին։ Բոլորին հայտնի է, որ բժիշկը սովորում է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այս գիտաժողովը հարթակ է, որը միավորում է բոլորիս, որպեսզի կիսվենք մեր գիտելիքներով և փորձով, որովհետև հենց փորձն է ապահովում նոր հաջողություն բժշկության ոլորտում»,-նշել է նա։
Միջոցառման շրջանակում գիտական արդի զեկույցով հանդես են եկել նաև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մաշկաբան Դավիթ Հարությունյանը և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանում պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը դինամիկ զարգացող ուղղություն է․
«Մենք ունենք բոլոր նախապայմանները կատարելու ամենաժամանակակից միջամտություններն ու վիրահատությունները։ Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և իրենց ամենօրյա պրակտիկայում ներդնում են միջազգային փորձը։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում մենք իրականացնում ենք ամբողջ ծավալի պլաստիկ և էսթետիկ վիրահատություններ, հաճախ կատարում նաև՝ կոմպլեքս վիրահատություններ, օրինակ՝ դեմքի, մարմնի վիրահատություններ միաժամանակ երկու թիմով»,- նշել է համաժողովի մասնակից, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։
«Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել են նաև պանելային քննարկումներ։ Եռօրյա համաժողովը խթան էր մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման, տեղական ու միջազգային մասնագիտական համայնքների միջև համագործակցության ամրապնդման համար։