ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը 2028 թվականից արգելելու ծրագիրը

Եվրոպական միության դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագրի շուրջ. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:

Ըստ ծրագրի՝ մատակարարումների աստիճանական դադարեցումը կսկսվի 2026 թվականի հունվարից, երբ կարգելվի ռուսական գազի ներմուծումը նոր պայմանագրերով: 2026 թվականի հունիսից սահմանափակումը կվերաբերի նաև կարճաժամկետ պայմանագրերին, իսկ 2028 թվականի հունվարից ուժի մեջ կմտնի երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների լիակատար արգելքը: Փաստաթուղթը նպատակ ունի Կրեմլին զրկել Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար օգտագործվող էներգետիկ եկամուտներից:

Ըստ գործակալության աղբյուրների՝ ԵՄ անդամ գրեթե բոլոր պետություններն աջակցել են նախաձեռնությանը, ինչը մեծացնում է դրա արագ հաստատման հավանականությունը: Սակայն Հունգարիան և Սլովակիան քննադատել են փաստաթուղթը, քանի որ նրանց տնտեսությունները շարունակում են կախված լինել ռուսական էներգակիրներից: Սակայն, օրենքի նախագիծը կպարտավորեցնի այդ երկրներին մշակել ազգային ծրագրեր՝ մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը լիովին դադարեցնելու համար։

Եվրոպա հասնող հեղուկացված բնական գազի ծագման հարցը մնում է չլուծված։ Եվրամիությունը քննարկում է՝ արդյոք հեղուկացված բնական գազի առաքումները պե՞տք է նախապես հաստատվեն առաքումից առաջ և ենթարկվեն մաքսային ստուգման ԵՄ նավահանգիստներ ժամանելուն պես՝ համոզվելու համար, որ դրանք ռուսական չեն։ Ֆրանսիան և Իտալիան աջակցել են ընդհանուր ծրագրին, սակայն առաջարկել են ճշգրտել առաքումների ծագումը ստուգելու մեխանիզմը։

Միաժամանակ, Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ, որը կարգելի ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումը արդեն 2027 թվականի հունվարից՝ մեկ տարի շուտ, քան նախատեսված էր սկզբում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031