
ՄԻՊ-ից այց են իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ. առանձնազրույց է եղել նաև Արսեն Ղուկասյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` հոկտեմբերի 7-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել խորհրդապահական առանձնազրույցներ, այդ թվում՝ Արսեն Ղուկասյանի հետ. այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ուսումնասիրվել են անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։
Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:
Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։