Բաժիններ՝

Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 4 զոհ

Չորս մարդ, ներառյալ մեկ երեխա, մահացել է այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներից մեկի ափերի մոտ ներգաղթյալներով լի նավակ է խորտակվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի առափնյա պահպանության ծառայությանը։

Առափնյա պահպանության պարեկային նավակը Լեսբոս կղզու հարավային ափի մոտ ծովից դուրս է բերել երկու կնոջ, մեկ տղամարդու և մեկ աղջկա մարմիններ, հայտնել է առափնյա պահպանության ծառայությունը՝ հավելելով, որ մոտակայքում՝ ափի ժայռոտ հատվածում, հայտնաբերվել է կիսախորտակված նավակ։

Երեսունչորս փրկվածներ ինքնուրույն հասել են ափ և հայտնաբերվել ոստիկանության կողմից։ Ցամաքային և ծովային որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են այն բանից հետո, երբ փրկվածները իշխանություններին հայտնել են, որ նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 38 մարդ և ուրիշ անհայտ կորածներ չկան։

Անհայտ է, թե որն է եղել խորտակման պատճառը և իշխանություններն անմիջապես լրացուցիչ տեղեկություններ չեն ստացել փրկվածների կամ զոհերի ազգության մասին։ Հունաստանը Եվրոպական միություն մուտք գործելու հիմնական կետերից է՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի կոնֆլիկտներից ու աղքատությունից փախած մարդկանց համար։ Շատերն անցնում են կարճ, բայց վտանգավոր ճանապարհը թուրքական ափից մինչև մոտակա հունական կղզիներ՝ փչովի կամ այլ փոքր նավակներով, որոնք հաճախ անպիտան են նավարկության համար և հաճախ մահացու հետևանքներ են ունենում՝ խորտակման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս