
Այս տարի աշխարհում չիկունգունյա տենդով վարակվել է ավելի քան 445 հազար մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին աշխարհում ավելի քան 445 հազար մարդ վարակվել է մոծակների միջոցով փոխանցվող չիկունգունյա տենդով։ Վարակվածներից 155-ը մահացել է։
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2025 թվականին ԱՀԿ-ն գրանցել է չիկունգունյա տենդի նոր ալիք մի քանի երկրում, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ վերջին տարիներին դեպքերի զգալի թիվ չի գրանցվել: Հաշվի առնելով շարունակվող բռնկումները՝ կազմակերպությունը շեշտել է, որ վիրուսի հետագա տարածման հավանականություն դեռ կա։
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը աշխարհի 40 երկրում գրանցվել է, ընդհանուր առմամբ, 445 հազար 271 կասկածելի և հաստատված դեպք, ինչպես նաև 155 մահվան դեպք», – հաղորդել է ԱՀԿ-ն։
Վիրուսը փոխանցող Aedes aegypti մոծակի պոպուլյացիաները հանդիպում են աշխարհի 27 շրջանում:
Չիկունգունյա տենդի բնական տարածման շրջաններ են համարվում Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջանները և Հնդկական օվկիանոսի կղզիները, որտեղ ամեն տարի գրանցվում են վարակի սեզոնային բռնկումներ, ինչպես նաև Մեքսիկան և Գվատեմալան։