
Վարդապետյանն ընդունել է Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ, Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործող նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդայի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված կառույցների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի քննարկմանը:
«Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը Հայաստանին փոխանցելու համատեքստում շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Խորհրդի գործունեության ամրապնդմանն ուղղված Ձեր պրոֆեսիոնալ և պատասխանատու ներդրման համար»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու բարձր գնահատել Խորհրդի քարտուղարության աշխատանքը՝ նախանշված նպատակներին հասնելու և Խորհրդի նիստը կազմակերպելուն օժանդակելու համար։
Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության համար և ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:
Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: