
Դարեր կգան, դարեր կանցնեն՝ առաքելահիմն մեր Սուրբ եկեղեցին կանգուն կմնա. Տեր Եղիշե քահանա Բարսեղյան

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի ֆեյսբուքյան էջում տեղ են գտել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանի հուշերը՝ եկեղեցում իր ծառայության օրերից:
««Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու․․․» (Եսայի 61։1):
Աստծո ողորմությամբ 1999 թվականին հոգևոր ծառայության նշանակվեցի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։ Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ Պատարագ մատուցեցի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Մի քանի հավատացյալներ և ներս մտնող մոմ վառող և դուրս եկող զբոսաշրջիկներ։ Շուրջ երկու ամիս էր անցել, ինչ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվն էի, արդեն տարբեր կողմերից ուխտավորներ, հավատացյալներ և բժշկվելու նպատակով գալիս ու գալիս էին եկեղեցի։
Փառք Տիրոջը, երիտասարդ քահանա լինելով, Աստված զորացրեց ինձ, քաղցր և պատասխանատու առաքելությանս գիտակցությամբ հասկացա, որ «Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու․․․»(Եսայի 61։1)։
Սուրբ Գևորգ եկեղեցու որոշ հավատացյալների և ուխտավորների հետ, Տիրոջ օրհնությամբ, լծվեցինք եկեղեցու բարեզարդման և բարեկարգման աշխատանքներին։ Նախ վերականգնվեց եկեղեցու ամբողջական պարիսպները, բարեկարգվեց տարածքը և այգին, կառուցվեց գլխավոր մուտքի դուռը, վերանորոգվեց վանատունը, տեղադրվեցին դռներ և պատուհաններ, եկեղեցին ապահովվեց ծիսական նշանակության գույքով և այլն։
Առ այսօր էլ հավատավոր մեր զավակները կանգնած են Սուրբ Գևորգ եկեղեցու կողքին և իրենց ազնիվ նվիրատվություններով զարդարում են Աստծո տունը։
Բազում ծնողներ, որ զավակ չէին ունենում՝ արժանացան Աստծո օրհնությանը՝ Սուրբ Գևորգ Զորավարի մասունքների առջև ի խորոց սրտի աղոթելով։ Բազում հիվանդներ, որ ունեին առողջական լուրջ խնդիրներ, հավատացին Աստծո ողորմությանը, հավատացին աղոթքին և Տերը բժշկեց նրանց։
Ամեն անգամ պատարագելիս՝ կրկնում եմ Սուրբ Հովհան Ոսկեբերանի սրտառուչ աղոթքը․ «Փա’ռք քեզ Աստված, փա’ռք Քեզ, ամեն ինչի համար փա’ռք Քեզ»: Ամեն անգամ Սուրբ Խորանին Աստծո առջև կանգնելիս՝ զորանում եմ և զգում՝ այո’ Տիրոջ հոգին ինձ վրա է և իմ առաքելությունն է Քրիստոսի Ավետարանը քարոզելու։
Դարեր կգան, դարեր կանցնեն՝ Առաքելահիմն մեր Սուրբ եկեղեցին կանգուն կմնա, Աստված կպահի իր տունը և երանի նրանց, ովքեր իրենց ներկայությամբ և օգտակարությամբ կմնան մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ և հավատավոր զավակները»,- գրել է հոգևորականը։