Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ին, բնավ էլ «համաժողովրդական պոռթկում» չէր, այլ աշխարհաքաղաքական լուռ համաձայնությամբ իրականացված գունավոր հեղափոխություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Թերևս հասել է այն ժամանակը, որ անդրադառնամ մի կարևոր և նուրբ թեմայի, որի մասին վերջին ամիսներին տարբեր հայտնի և ոչ այդքան հայտնի շրջանակներ բարձրաձայնում են, շահարկում և տարբեր մանիպուլյացիոն գործիքակազմի կիրառմամբ աղավաղված ներկայացնում հանրությանը։ Խոսքս հայտնի «Սերժն է բերել Նիկոլին» տխմար թեզի մասին է, որի շուրջ լուրջ դեմքով անընդհատ խոսում են՝ չհասկանալով, թե իրականում ինչ աշխարհաքաղաքական մեծ «ռասկլադ» է գործել այս թեման կյանքի կոչելու և շրջանառության մեջ դնելու համար։ Շատերը, գուցե միամտորեն, այդ թելին են ձգում։

Իր հարցազրույցներից մեկում Երրորդ նախագահը ակնարկել է, որ ինքը պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ «շատ ավելի հզոր ուժերի», սակայն այլևս փակագծեր չբացեց և չմանրամասնեց՝ ում և ինչ նկատի ունի։ Փորձեմ հակիրճ, բայց հնարավորինս հանգամանալից ներկայացնել ու ևս մեկ անգամ փաստել, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին Հայաստանում, դասական «գունավոր հեղափոխություն» էր։ Ուղղակի այս անգամ գույնը ընտրված էր «թավշյա»։

Երբ հետահայացք ենք գցում գործածված գործիքակազմին, կիրառված մեթոդաբանությանը (երիտասարդներ, աղանդավորական խմբավորումներ, մանկասայլակներով հղի կանայք, «պատահաբար» տեսախցիկի առջև հայտնված տարեց կնոջ տանջալից դեմք, բրուտալ զինվորական, դեպի ապագան վառվռուն աչքերով երեխա և այլն), պարզ է դառնում՝ այս բոլորը մեթոդներ ու հնարքներ են, որոնք կիրառվել են բոլոր գունավոր հեղափոխությունների ժամանակ՝ Վրաստանում, Ուկրաինայում, Եգիպտոսում և այլ վայրերում։ Դրանք գործիքներ են, որոնց միջոցով հասարակության մոտ արհեստականորեն առաջացվում են պաթոսային ու գերզգայուն մոտիվացիաներ։ Ամբողջը գեղեցիկ զուգորդվում է թմբուկի սինխրոն ձայնով, որն, ի դեպ, հատուկ հիպնոսացման բաղադրիչ է։ Սրա մասին ժամանակին շատ է խոսվել, բայց վերջին 4-5 տարիներին մոռացության է մատնվել (գուցե դիտավորյալ)։

Այսպիսով, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ին, բնավ էլ «համաժողովրդական պոռթկում» չէր, այլ աշխարհաքաղաքական լուռ համաձայնությամբ իրականացված գունավոր հեղափոխություն։ Այո՛, ժողովուրդը միշտ ներգրավվում է նման գործընթացներում, բայց նրանց ուղեղը լվանում են և ամեն ինչ ներկայացվում է օտարների պրիզմայով։

Ստացվում է, որ եթե ընդունում ենք՝ 2018-ի իրադարձությունները դասական գունավոր հեղափոխություն էին, ապա հաջորդող տրամաբանական հարցը պիտի լինի՝ ինչպե՞ս հակազդել նման նախագծերին։ Այստեղ էլ գալիս է իրական ազգային ուժերի զտման և լայն կոնսոլիդացիայի խնդիրը․ անհրաժեշտ է մեկ համընդհանուր ճակատ, որը կկարողանա դիմակայել գոյություն ունեցող լիբերալ ֆրոնտին։ Սա որևէ կուսակցության նեղ շահերի հարց չէ, սա համահայկական գերխնդիր է։ Եվ որքան էլ որ ոմանք չսիրեն ՀՀԿ-ին կամ նրա տարբեր գործիչներին, պետք է արձանագրել փաստը․ այս հարցերը «գետնի վրա» բարձրաձայնողը և հանրային լայն տիրույթում ձևակերպողը հենց ՀՀԿ-ն է։

Այստեղ հարկ է հատուկ անդրադառնալ այն երևույթին, որ կոչվում է «դեմոկրատիա»։ Տարիներ շարունակ այն ներկայացվել է որպես բարձրագույն արժեք՝ ազատ խոսքի, մարդու իրավունքների, հավասարության ու ազատության գեղեցիկ փաթեթավորմամբ։ Սակայն իրականում, հատկապես փոքր պետությունների համար, դա հաճախ վերածվում է գործիքի․ արտաքին ուժերը նույն այդ արժեքները կիրառում են իբրև լծակ՝ թուլացնելու պետական ինստիտուտները, քանդելու ավանդական հիմքերը և քաղաքական դաշտը դարձնելու կախյալ ու կառավարելի։ Այդ իսկ պատճառով այսօր, երբ խոսում ենք ազգային ուժերի համախմբման անհրաժեշտության մասին, դա ոչ թե գաղափարական հակադրություն է «դեմոկրատիայի» նկատմամբ, այլ՝ դրա գործիքային, մանիպուլյատիվ կիրառության դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս