
Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմի մասին մանրամասներ են հայտնի դարձել

Լեոնարդո ԴիԿապրիոն The Big Picture փոդքասթի շրջանակներում բացահայտել է իր առաջիկա նախագծի՝ Մարտին Սկորսեզեի «Ինչ տեղի ունեցավ գիշերը» միստիկ թրիլերի մանրամասները: Նա կնկարահանվի Ջենիֆեր Լոուրենսի հետ միասին: Նկարահանումները կսկսվեն 2026 թվականի հունվարին։
Սյուժեն կենտրոնանում է ամուսնական զույգի վրա, որը ժամանում է մի հեռավոր հյուրանոց, որտեղ ապրում են տարօրինակ հյուրեր։ Ժամանակի ընթացքում կերպարները սկսում են կասկածի տակ դնել իրենց շրջապատի իրականությունը և նույնիսկ իրենց սեփական հարաբերությունները։
ԴիԿապրիոն նշել է, որ Սկորսեզեի նոր ֆիլմը ոգեշնչված է Ալֆրեդ Հիչքոքի «Վերտիգո» ֆիլմից։ Նա նաև ասել է, որ «Ինչ տեղի ունեցավ գիշերը» կլինի «կրոնական փորձառություն»։
Հիշեցնենք, որ ԴիԿապրիոն և Լոուրենսը նախկինում միասին նկարահանվել են Ադամ Մաքքեյի «Մի՛ նայիր վերև» երգիծական կատակերգությունում։