 
                        Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով
 
                                    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է որոշակի չափով ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպումից հետո, և ռուսական կողմը պատրաստ է փոխզիջման գնալ դրանցից մի քանիսի շուրջ:
«Դրանցից մի քանիսի վերաբերյալ մենք համաձայնեցինք… ցուցաբերել որոշակի ճկունություն», – ասել է Սերգեյ Լավրովը։
Նա հավելել է, որ չնայած ամերիկյան կողմի ջանքերին՝ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու համար, գագաթնաժողովը դեռևս պլանավորված չէ։
«Պուտինը պատրաստ կլինի հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այն դեռ պատրաստ չէ», – բացատրել է նա։
Մեկ օր առաջ The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ Մոսկվան, իբր, ընդհանրապես չի ցանկանում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնել, քանի որ դա կապահովի «Մոսկվայի կողմից ուկրաինական քաղաքական ռեժիմի որոշակի լեգիտիմացում»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        