
Աշնանը կմեկնարկի Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2025թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու է Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը, որին կմասնակցեն ինչպես հայկական երգեհոնային դպրոցի լավագույն ներկայացուցիչները, այնպես էլ արտերկրի հեղինակավոր երգեհոնահարները:
Այս տարի փառատոնը հյուրընկալելու է համբավավոր երգեհոնահարների Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից. Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։
Կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:
Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում, կկազմակերպվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից:
Փառատոնն ամփոփվելու է գալա համերգով՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին: