
ԿԳՄՍ նախարարն ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին:
«Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, ուսուցիչների իրավունքների պաշտպանության, աշխատաժամանակի, աշխատանքային հարաբերությունների կարգավորման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ»,-նշել է նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, որ ներկայացված հարցերը կուսումնասիրվեն և օրենսդրության շրջանակում կտրվեն համապատասխան լուծումներ:
Նշվում է, որ նախարարը նաև կարևորել է ուսուցչական համայնքի կողմից հստակ առաջարկների և մասնագիտական դիտարկումների ներկայացումը, որոնք հաշվի կառնվեն համապատասխան կարգավորումների մշակման ժամանակ:
«Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպման գործընթացը լինելու է շարունակական՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու մանկավարժական գործունեությամբ»,-հայտնել է ԿԳՄՍՆ-ն։