
ՄՔԴ-ն դատապարտել է իր դատավորների և դատախազների նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ, որոնք Կանադայի, Ֆրանսիայի, Ֆիջիի և Սենեգալի քաղաքացիներ են: Այս մասին նշված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տարածած հաղորդագրության մեջ:
«Այս անձինք օտարերկրացիներ են, որոնք ուղղակիորեն ներգրավվել են Միջազգային Քրեական դատարանի ջանքերի մեջ՝ հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու Միացյալ Նահանգների կամ Իսրայելի քաղաքացիների՝ առանց այդ երկրներից որևէ մեկի համաձայնության», – նշված է հայտարարության մեջ:
Ռուբիոն ՄՔԴ-ն անվանել է «սպառնալիք երկրի ազգային անվտանգության համար» և նշել, թե այն ծառայում է որպես իրավական գործիք ԱՄՆ-ի և նրա մտերիմ դաշնակից Իսրայելի դեմ:
BBC-ն նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Վաշինգտոնի այս քայլը: Իսկ Միջազգային քրեական դատարանը դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես հարձակում իր անկախության և անաչառության դեմ:
ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները քննադատել են նաև Ֆրանսիան և ՄԱԿ-ը: Ըստ AFP գործակալության՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշել է, որ դա «հակասում է դատական համակարգի անկախության սկզբունքին»:
Այս տարի ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի և չորս դատավորի նկատմամբ:
ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամաններ է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար: