Հայաստանն ու Հունաստանը քննարկում են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում ամրապնդելու անհրաժեշտությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։

Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե բազմաթիվ այլ երկրներում հայկական համայնքային կառույցները լուրջ ներուժ ունեն և աշխարհի տարբեր երկրներում հունական համայնքային կառույցների հետ համագործակցելու պարագայում լուրջ հաջողությունների կարող են հասնել։

Անդրադարձ է եղել նաեւ Կիպրոսի ներգրավմամբ սփյուռքյան կառույցների եռակողմ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայ-հունական համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում, ինչպես նաև առաջիկայում նախատեսված մի շարք բարձրաստիճան այցելությունները։ Միաժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու դրա կարևորությանը տարածաշրջանային զարգացման համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս