Ռուսաստանը խոշորագույն հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ և թիրախավորել ամերիկյան արտադրողի․ Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն այս գիշեր իրականացրել է ուկրաինական կողմի վրա այս տարվա ընթացքում իրականացված ամենամեծ օդային հարձակումներից մեկը, որի ընթացքում թիրախավորվել են երկրի գլխավորապես արևմտյան շրջանները։

Ինչպես հաղորդում է Associates Press գործակալությունը, հարձակման ժամանակ օգտագործվել է 574 անօդաչու և 40 հրթիռ, որոնց մի մասը հաջողվել է ոչնչացնել։

Ռուսական կողմի հարձակման հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ, 15-ը՝ վիրավորվել են։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ռուսաստանը երկրի արևմուտքում հարվածել է «խոշոր ամերիկյան էլեկտրոնիկայի արտադրողի»։ Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարձակման հետևանքով թիրախում են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր ու քաղաքացիական բնակչություն։

Facebook-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է․«Անդրկարպատյան մարզում գտնվող ամերիկյան սեփականություն հանդիսացող ձեռնարկության վրա հրթիռներ են արձակվել։ Այն հասարակ քաղաքացիական բիզնես էր, որը ֆինանսավորվում էր ամերիկյան ներդրումներով և արտադրում էր ամենօրյա իրեր, ինչպիսիք են սուրճի մեքենաները։ Եվ այնուամենայնիվ, այն ևս դարձավ ռուսների թիրախ։ Սա շատ խոսուն է։ Հրդեհը դեռևս մարվում է»։

Զելենսկին մեղադրել է ռուսական կողմին՝ ընդգծելով, որ «ռուսներն իրականացրել են այս հարձակումը, ասես ոչինչ էլ չի փոխվել, ասես չկան համաշխարհային ջանքեր ավարտելու պատերազմը»։ «Սա պատասխան է պահանջում։ Մոսկվայից դեռևս որևէ ազդանշան չկա, որ նրանք իսկապես մտադիր են բովանդակալից բանակցություններ վարել և դադարեցնել այս պատերազմը։ Անհրաժեշտ է ճնշում։ Ուժեղ պատժամիջոցներ, ուժեղ մաքսատուրքեր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Associates Press-ը գրում է, որ Ուկրաինայի արևմտյան մասերը հեռու են մարտադաշտի առաջնագծից, սակայն ենթադրվում է, որ արևմտյան դաշնակիցների կողմից տրամադրված ռազմական օգնության մեծ մասը տեղափոխվում և պահվում է այնտեղ։

Տեսանյութեր

Լրահոս