
ԲՏԱ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ստարտափների զարգացման ուղղությամբ. տրվել է Ինկուբացիոն ծրագրի դասընթացների պաշտոնական մեկնարկը

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում օգոստոսի 19-ին տրվել է Ինկուբացիոն ծրագրի դասընթացների պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Ծրագրի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ընդգծել է, որ ԲՏԱ նախարարությունը, կարևորելով հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացմանը միտված ծրագրերի ու միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու, համապատասխան կարողություններ և մասնագիտական հմտություններ ձևավորելու ուղղությամբ։
«Այս ծրագիը լավագույն օրինակներից մեկն է, երբ ստարտափների հեղինակները ներկայացնում են իրենց գաղափարները, և լավագույնները իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ստանում են դրամաշնորհներ, միևնույն ժամանակ՝ նաև նոր գիտելիքներ և հմտություններ»,- նշել է Հայկ Ենգիբարյանը։
Ներկաներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև ծրագիրն իրականացող «ԱՍ Թիմ» ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը, դասախոսներ՝ բիզնեսի և ռազմավարական հաղորդակցության մասնագետ Սերգեյ Թանթուշյանը, հաղորդակցության և բիզնեսի ռազմավարության մասնագետ Արտակ Օրդյանը։
Ինկուբացիոն դասընթացներին այս տարի մասնակցում են մրցույթի առաջին փուլը հաղթահարած 53 ստարտափների ներկայացուցիչներ։
Ծրագրով նախատեսվում է նոր գիտելիքներ և կարողություններ փոխանցել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ գաղափարների առևտրայնացման, պրոդուկտի մշակման և բիզնեսի առևտրայնացման համար։