
Թրամփ-Պուտին հանդիպումը լուսաբանող լրագրողներին տեղավորել են մարզադաշտում, պատվիրակության անդամներին՝ հանրակացարանում

Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիս ռուս-ամերիկյան գագաթնաժողովը լուսաբանելու համար ժամանած ռուսաստանցի լրագրողներին տեղավորել են մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է RT-ն։
Գործակալության լրագրողը հայտնել է, որ նման իրավիճակ է առաջացել, քանի որ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պատճառով հյուրանոցներում ազատ տեղեր չկան։
Լրագրողների «սենյակներն» առանձնացրել են միջնապատերով, նրանց տրամադրվել են ծալովի մահճակալներ։
Իսկ Ալյասկա ժամանած Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մի մասին տեղավորել են տեղի համալսարանի հանրակացարանում։
Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովի լուսաբանման համար ամբողջ աշխարհից Անքորիջ է ժամանել ավելի քան 700 լրագրող։