
ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի շուրջ բանակցություններն առաջ մղելու ուղիները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առաջխաղացման ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։
ՀԱՄԱՍ-ը հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել արագ վերադառնալ հրադադարի և լարվածության թուլացման բանակցություններին։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ Գազայի իրավիճակի վերաբերյալ եգիպտացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։
Շարժման առաջնորդներից Տահիր ան-Նունուն բարձր է գնահատել Եգիպտոսի ջանքերը նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ աս-Սիսիի գլխավորությամբ՝ ընդգծելով, որ Եգիպտոսի հետ հարաբերությունները հաստատուն և ամուր են, և որ համատեղ աշխատանքը չի դադարել տարբեր հարցերի շուրջ։