
Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ճամբարի մասնակիցներին։
Նախարարությունից նշում են, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով՝ նախորդ տարվանից։ Ծրագրի համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
2024 թվականին ծրագրի շրջանակում Զանկայի Էրժեբեթ ճամբարին մասնակցել է ԼՂ-ից տեղահանված 8-ից 14 տարեկան 120 երեխա։ Ծրագիրը շարունակական է և նպատակ ունի ապահովել ընդհանուր առմամբ շուրջ 1000 տեղահանված երեխայի մասնակցությունն ամառային ճամբարին։