«Նախքան էքստազի մեջ ընկնելը, մի քիչ ուսումնասիրեք թեման»․ Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ հետաքրքիր է դիտել, թե ինչպես են իշխանամետ «սազանդարները» ընկնում տեղեկատվական էքստազի մեջ՝ մեջբերելով Իրանի նախագահ Փեզեշքիանին կամ այդ երկրի ԱԳ նախարար Արաղչին այն մասին, թե, իբր, «Զանգեզուրի միջանցք չկա և հարցը փակված է»։ Գոռում են հիացմունքից ու խեղդվում հաճույքից։

Սակայն նույնիսկ մի փոքր իրանական իրականություններին ծանոթ մարդուն պետք է ակնհայտ լինի, որ թե՛ Արաղչին, և թե՛ Փեզեշքիանը ներկայացնում են իրանական իշխանության ռեֆորմիստական թևը։

Իսկ սա առանցքային գործոն է Թեհրանից եկող տեղեկատվությունը ճիշտ ընկալելու համար։ Փեզեշքիանը աշխարհիկ նախագահ է և ըստ ազգության՝ իրանական թյուրք։ Բացի այդ, նա հաճախ արտահայտում է տեսակետներ, որոնք հակասում են իրանական պետության ռազմական և հոգևոր վերնախավի դիրքորոշմանը։

Նախարար Արաղչին դիվանագետ է և ներկայացնում է այսպես կոչված «չափավոր թևը» իրանական իշխանական հիերարխիայում։ Նրա խնդիրն է հարթեցնել սուր անկյունները Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Եթե հետևեք նրա հայտարարություններին մինչև իրանա-իսրայելական պատերազմը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին, ապա շատ կզարմանաք նրա այն ժամանակվա «դրական տրամադրվածությունից»։ Իսկ դրանից հետո ամերիկացիները սկսեցին ռմբակոծել Ֆորդոյի միջուկային կենտրոնը։

Այս հարցում շատ ավելի կարևոր է ուժային բլոկի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հոգևորականության դիրքորոշումը։ Ճիշտ այստեղ է պետք փնտրել Իրանի իրական վերաբերմունքը՝ ամերիկացիների ձեռքով Սյունիքում թուրքա-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու հարցում։

Այսպես, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի գլխավոր խորհրդականը, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին, հայտարարել է, որ Իրանը «չի նստի ձեռքերը ծալած և չի դիտի, թե ինչպես է Հայաստանի տարածքով միջանցք բացելու արդյունքում Իրանի սահմանների մոտ ձևավորվում թուրքա-ադրբեջանական բլոկ՝ ամերիկյան հովանու ներքո»։ Նույնը կարելի է տեսնել նաև ԻՀՊԿ բարձրագոյն գեներալների Սյունիքի միջանցքի վերաբերյալ հայտարարություններում, և դա չափազանց խոսուն է։

Ուստի, նախքան էքստազի մեջ ընկնելը, մի քիչ ուսումնասիրեք թեման»։

Տեսանյութեր

Լրահոս