Վաշինգտոնյան համաձայնագիրը հակասում է Երևանի շահերին, սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին. Զատուլին
ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպման շրջանակում նախատեսված պայմանավորվածությունները չեն համապատասխանում պաշտոնական Երևանի շահերին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի պայմանները։
«Սա ոչ մի կերպ չի կարող օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, խոսքը անձամբ Փաշինյանի մասին չէ, քանի որ նա չի մտածում ազգային շահերի տեսանկյունից: Նա փորձում է Հայաստանը և իրեն ինտեգրել արևմտյան աշխարհին՝ միաժամանակ հրաժարվելով ազգային շահերից։ Սա, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին»,- ասել է Զատուլին։
Նրա գնահատմամբ՝ եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը «Զանգեզուրի միջանցքի» հանձնումն է ԱՄՆ վերահսկողությանը, ապա դա սպառնալիք կդառնա Իրանի համար։
«Սա, անշուշտ, Միացյալ Նահանգների և որոշ չափով նաև Իսրայելի շահերից է բխում, քանի որ «Զանգեզուրի միջանցքը» և Ադրբեջանի ու Թուրքիայի միավորումը, իհարկե, սպառնում են ոչ միայն մեզ, այլև Իրանին»,- ասել է Զատուլինը։



