
Գիշերային ժամերին լռությունը խախտելու համար նախորդ տարի պատասխանատվության է ենթարկվել 98 անձ

Նախորդ տարի 98 անձ ժամը 23:00-07:00-ն լռությունը խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել:
«Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներում այս մասին տեղեկացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը:
«Ոստիկանությունը նշված իրավախախտումներին ժամը 23:00–07:00–ն ընկած ժամանակահատվածում արձագանքում է լռության պահպանման, այլ ոչ թե աղմուկի տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, իրավախախտման վայր հասնելու դեպքում շատ հաճախ աղմուկն արդեն դադարած է լինում, որն առաջացնում է ապացուցման լրջագույն խնդիր:
«Այդուհանդերձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180–րդ հոդվածի 1-ին մասով՝ 2024 թվականի ընթացքում պատասխանատվության է ենթարկվել 98 անձ»,- ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն առավել բարդանում է, երբ իրավախախտումը կատարվում է հրագործական արտադրատեսակների կիրառմամբ: 2024 թվականի ընթացքում հրագործական արտադրատեսակների կիրառման վերաբերյալ 102 ծառայություն ստացվել է 64 ահազանգ:
Ընդհանուր առմամբ՝ պատասխանատվության է ենթարկվել 29 անձ: Ըստ օրենքի՝ գիշերային ժամերին՝ 23.00-07.00-ն, լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում, բնակելի տարածություններում, բակերում, փողոցներում, այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը՝ առաջացնում են նախազգուշացում:
Գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: