
Թուրքիայում երկրորդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված Ստամբուլի քաղաքապետի կալանավորման հետ

APՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո հազարավոր մարդիկ ուրբաթ գիշեր մասնակցել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին։
Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բողոքի ցույցերին մասնակցել է նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը, որը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորեն ուժերը «անարդարության դեմ»։
Գործակալության տվյալներով՝ Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան կոչ է արել երկրի քաղաքացիներին պահպանել կարգուկանոնը։ Նա հայտնել է, որ ուրբաթ գիշեր տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է 16 ոստիկան, իսկ 53 անձ բերման է ենթարկվել և մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ։
Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մարտի 19-ին իրավապահները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Դատախազությունը նշել է, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։