
Լոռու մարզում ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լոռու մարզին բնական պատուհասները հաջորդում են միմյանց։ Մասնավորապես Ալավերդու (նախկին Թումանյանի շրջան) տարածաշրջանում երեկ գիշերվանից աննախադեպ ձյուն է տեղում (ձնածածկույթը տեղ-տեղ հասել է մինչև 30 սմ), ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ Դրա հետ մեկտեղ այսօր առավոտյան՝ 5:15-ին, երկրաշարժ տեղի ունեցավ (մոտ 4 բալ)։
Այս ամենից բացի՝ երեկ ուշ երեկոյան (մոտավորապես գիշերը 1-ից հետո) էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում և հարակից գյուղերում (Օձուն, Այգեհատ, Արդվի, Հագվի)։
Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձոր-Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան։
Ահա այս պայմաններում լեգիտիմ հարց է առաջանում, թե ո՞նց է կազմակերպվելու դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատանքը, որոնք հիմնականում ջեռուցման կաթսաներով են աշխատում, իսկ դրանք էլ, իրենց հերթին, առանց էլեկտրականության չեն կարող գործել»։