ԱՄՆ-ն պատրաստ է Հարավային Կորեան պաշտպանել միջուկային զենքով
Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է Հարավային Կորեայի պաշտպանությանը և պատրաստ է դրա համար օգտագործել ցանկացած միջոց, ներառյալ միջուկային զենքը: Այս մասին հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հարավկորեացի գործընկեր Կիմ Յոն Հյոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ ընդլայնված զսպման նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները մնում են անխախտ: Օսթինը պարզաբանել է, որ դրանք «ամրապնդվում են ամերիկյան պաշտպանական միջոցների ողջ շրջանակով՝ սովորական հրթիռային համակարգեր, միջուկային և առաջադեմ ոչ միջուկային սպառազինություն»:
Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հարավային Կորեայի հետ լայնածավալ զորավարժությունների վերսկսման մասին, ինչը, նրա խոսքով, «զգալիորեն կամրապնդի երկու երկրների մարտունակությունը»։
Լլոյդ Օսթինը և Կիմ Յոն Հյոնը նաև կոչ են արել դուրս բերել Հյուսիսային Կորեայի ստորաբաժանումները Ռուսաստանից։ Օսթինի խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին հետ պահելու այդ զորքերը մարտերում օգտագործելուց», սակայն, ըստ նրա, կա մեծ հավանականություն, որ Մոսկվան չի հրաժարվի իր մտադրությունից։
Իր հերթին Կիմ Յոն Հյունը նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ի զորքերի հնարավոր մասնակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմին «կարող է հանգեցնել Կորեական թերակղզում անվտանգության սպառնալիքների սրման»: Դա պայմանավորված է այն բանով, որ Փհենյանն իր ստորաբաժանումների օգտագործման դիմաց «մեծ հավանականությամբ» Մոսկվայից տեխնոլոգիաներ կպահանջի ԿԺԴՀ-ի զինանոցի համալրման ծրագրերին աջակցելու համար։