Ոստիկանությունում այս տարի ծառայության է անցել շուրջ 50 կին
Հայաստանի ոստիկանությունում այս տարի ծառայության է անցել շուրջ 50 կին: Այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Փոխնախարարը կարևորեց գենդերային հավասարակշռության ապահովումը ոստիկանությունում՝ ընդ որում, ոչ արհեստականորեն ինչ-որ քվոտաներ նախատեսելով:
«Խնդիրը բովանդակությունն է: Վաղուց համոզված ենք, որ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության և այս երկու ինտելեկտների միավորմամբ կոլեկտիվ ինտելեկտն ավելի արդյունավետ աշխատանք կարող է երաշխավորել պրակտիկայում, հատկապես ոստիկանական աշխատանքում: Ընթացիկ տարում ունեցել ենք նոր ընդունելություն, որի արդյունքներով շուրջ 50 կին արդեն անցել է ծառայության»,-ասաց Սարգսյանը:
Նա համոզված է, որ այս ուղղությամբ միայն ընդունելությունները, օրենսդրական լավարկումները չեն, որ արդյունք են երաշխավորելու:
«Այս դեպքում մենք գործ ունենք կարծրատիպային մոտեցումների հետ, երբ ուժային կառույցներում կանանց ներկայացվածությունն այդչափ ընդունված չէ: Բայց կարծում եմ, որ անընդհատ ջանք ներդնելով՝ կկարողանանք բարձրացնել կանանց ներգրավվածության աստիճանը»,-ասաց նա:Այդ ընդունելությանն այս տարի կհաջորդի ևս մեկ ընդունելություն, ամեն տարի ընդունելության հերթական շրջափուլ կլինի:
Փոխնախարարի խոսքով՝ ոստիկանական համակարգ մտնելու միակ խողովակը լինելու է պարեկային ծառայությունը: