Զելենսկին հնարավոր է համարել ՌԴ-ի հետ բանակցությունները Հնդկաստանում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա և հնարավոր միջնորդ դառնալ Հնդկաստանի տարածքում Ռուսաստանի հետ հաշտության բանակցություններում՝ «ուկրաինական ձևաչափին» համապատասխան։
Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է The Times of India թերթին տված հարցազրույցում։
«Անկասկած, դա (բանակցությունները) կարող է լինել Հնդկաստանում, և վարչապետ Մոդին իսկապես կարող է դա անել…. բայց կարծում եմ՝ մենք պետք է պատրաստվենք…. և միայն մեր ձևաչափով, որովհետև պատերազմը մեր հողում է…. Մենք ունենք հարթակ, որը խաղաղության գագաթնաժողովն է», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Մոդիի կողմից բանակցությունների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցին։Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայի համար արդեն երրորդ ծանր ձմեռն է։
Անդրադառնալով Մոդիի այն հայտարարությանը, որ նա պատրաստ է աշխատել Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ, Զելենսկին գործողությունների կոչ է արել։
«Մոդին իսկապես ահռելի երկրի վարչապետ է։ Նման երկիրը չի կարող պարզապես ասել, որ շահագրգռված է պատերազմի ավարտով։ Վարչապետ Մոդին կարող է ազդել պատերազմի ավարտի վրա…. Ռուսաստանի տնտեսության արգելափակումը, էժան էներգիայի ռեսուրսների արգելափակումը, Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի արգելափակումը կհանգեցնեն մեր դեմ պատերազմ վարելու՝ Մոսկվայի հնարավորությունների կրճատման», – ասել է Զելենսկին՝ կոչ անելով Մոդիին ստիպել, որ Ռուսաստանն Ուկրաինային վերադարձնի այնտեղ գտնվող 1000 ուկրաինացի երեխաներին։
Հունիսին Նարենդրա Մոդիի պաշտոնավարման երրորդ ժամկետի մեկնարկից ի վեր Հնդկաստանն ակտիվորեն շփման մեջ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ՝ երկու երկրների միջև հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Մոդին ամռանն այցելել է Մոսկվա և Կիև: