ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է. դեսպան

Բրյուսելի և Թբիլիսիի հարաբերությունները պատմական ցածրագույն մակարդակի վրա են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, ցավոք, պատմական ցածր մակարդակի վրա են, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը դադարեցվել է։ Եվրամիության ղեկավարները հստակ հայտարարել են, որ դա Վրաստանի կառավարության գործողությունների արդյունքն է», – ասել է Գերչինսկին:
Նա հավելել է, որ «ափսոսում է նման իրավիճակի համար» և կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի 26-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին` իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։

Այս տարի Վրաստանի իշխանությունները երկու օրենք են ընդունել՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որոնք ԵՄ-ն քննադատել է և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք։ Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքականությունից դժգոհ Եվրախորհրդարանի պատգամավորները «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջի և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևում կոչ էին արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանությունների դեմ, ինչպես նաև սառեցնել ԵՄ ողջ ֆինանսավորումն այդ երկրի համար։

Մեծ Բրիտանիան առաջին անգամ սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության նախարարությունների ղեկավարների միջև։ Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է «Վրաստանի եվրոպական ապագայի համար» բանաձևը, որում հանրապետությունում առկա քաղաքական կուրսը բնութագրվում է որպես սպառնալիք եվրոպական կառույցներին նրա ինտեգրմանը:

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ կառույցները որոշել են դադարեցնել բարձրաստիճան հանդիպումները վրացական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նա նաև հայտնել էր` Եվրամիությունը հույս ունի, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար, սակայն եթե իրավիճակը վատթարանա, Եվրամիությունը կարող է դադարեցնել վիզային ռեժիմի ազատականացումը։

Տեսանյութեր

Լրահոս