Ագնեսա Խամոյանն առաջարկում է, որպեսզի իրավապահ և ուժային մարմինների ծառայողները տարին 2 անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր հեղինակած նախագծով առաջարկում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն՝ պատահականության սկզբունքով։

Խամոյանը նախագիծը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը։ Ոստիկանը, քննիչը, դատախազը, ԱԱԾ-ի և ՊՊԾ-ի ծառայողը, փրկարարը չեն կարող թմրանյութ օգտագործել, իսկ թմրանյութ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը՝ աշխատանքից ազատում։ Նաև աշխատանքից ազատում է նախատեսվում, եթե անձը հրաժարվում է հանձնել թմրանյութերի ախտորոշման թեստ»,- ասաց Խամոյանը։ 

Պատգամավորն ընդգծեց, որ նախագծերի այս փաթեթը ի ցույց կդնի կամ կվերահաստատի նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականությունը։ 

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ իրավապահ և ուժային կառույցները թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն տարեկան երկու անգամ՝ պատահականության սկզբունքով։ Տարբեր թմրանյութեր տարբեր ժամանակահատվածում են պահպանվում օրգանիզմում, և պատահականության սկզբունքով թեստի հանձնումն անձին հնարավորություն չի տալու նախապես իմանալ, թե որ օրն է ինքը թեստ հանձնելու և դրանից առաջ բացառել թմրամիջոցի օգտագործումը»,- շեշտեց Խամոյանը։

Պատգամավորը շեշտեց, որ թմրամիջոցների դեմ պայքարողը չի կարող թմրանյութ օգտագործել։

Տեսանյութեր

Լրահոս