Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդները գնալով ավելի մեկուսացված և խոցելի են դառնում՝ կորցնելով իրենց քաղաքական առաջնորդությունը. Դավիթ Անանյան

Կոնֆուցիուսի միտքը՝ «եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես», կարելի է դիտարկել ինչպես իմաստասիրական, այնպես էլ քաղաքագիտական ոսպնյակի ներքո՝ բացահայտելով մարդկային վարքի, հանրության և առաջնորդության խորը կողմերը: Այս մասին իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Կոնֆուցիուսի միտքը՝ «եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես», կարելի է դիտարկել ինչպես իմաստասիրական, այնպես էլ քաղաքագիտական ոսպնյակի ներքո՝ բացահայտելով մարդկային վարքի, հանրության և առաջնորդության խորը կողմերը:

Իմաստասիրական (փիլիսոփայական) տեսանկյունից այս աֆորիզմը ընդգծում է մշտական ինքնակատարելագործման և սովորելու կարևորությունը, այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի փնտրել այնպիսի միջավայրեր, որտեղ նա հնարավորություն ունի սովորելու ավելի փորձառու և խելացի մարդկանցից, քանի որ մի միջավայրում, որտեղ դուք ամենախելացին եք, դուք զրկված եք անձնական և ինտելեկտուալ աճի հնարավորությունից, ինչը հակասում է շարունակական ինքնազարգացման ձգտումներին։

Մտածողը, ըստ էության, խոնարհության և սեփական սահմանափակումների գիտակցման կոչ է անում: Հպարտության և ինքնագոհության նշանները խանգարում են մարդուն տեսնել իր թույլ կողմերը և խոչընդոտել դրանց զարգացմանը: Հասկանալը, որ միշտ կա ինչ-որ բան, որ կարող ես սովորել ուրիշներից, օգնում է քեզ պահպանել օբյեկտիվ տեսակետ քո սեփական կարողությունների մասին: Սոցիալական փոխազդեցության առումով էլ է կարևոր գտնվել քեզնից ավելի խելացի մարդկանց շրջապատում, քանի որ դրանով խթանում ես քո ինտելեկտուալ ակտիվ լինելը, ինչը, աներկբայորեն, օգնում է զարգացնել քննադատական մտածողությունդ և գիտելիքներդ:

Քաղաքագիտական տեսանկյունից առաջնորդի կամ քաղաքական գործչի համար հատկապես կարևոր է, որ ինքը շրջապատված լինի գրագետ և իմաստուն շրջապատով ու ենթականերով: Կոնֆուցիուսի այս աֆորիզմը կարող է մեկնաբանվել որպես ուղերձ կամ առաջարկություն առաջնորդներին՝ ձգտել շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են մարտահրավեր նետել հենց իրենց՝ խելացի գաղափարներով և քննադատությամբ՝ հանգեցնելով ավելի հավասարակշռված և տեղեկացված որոշումների:

Սակայն ավտորիտար ռեժիմների դաժան իրականության մեջ առաջնորդները նպատակաուղղված կերպով իրենց շուրջն են հավաքում այնպիսի մարդկանց ու ենթակաների, որոնց մտավոր և մասնագիտական կարողությունները ակնհայտորեն զիջում են իրենց կարողություններին: Սա պատահական չէ, այլ՝ հստակ մտածված մտադրություն, քանի որ նման առաջնորդները վախենում են իրենց կարգավիճակին սպառնացող ցանկացած սպառնալիքից և, հետևաբար, նախընտրում են թույլ, անդեմ կատարողների, ովքեր չեն համարձակվում վիճարկել իրենց հեղինակությունը:

Սակայն գրագետ և քննադատաբար մտածող գործընկերների բացակայությունը հանգեցնում է որոշումների կայացման որակի վատթարացման, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է ամբողջ համակարգի դեգրադացմանը: Նման կանոնը, ի վերջո, պարզվում է, որ երերուն է և խոցելի, քանի որ այն չի հիմնվում իրական հմտության և իմաստության վրա, այլ միայն վախեցած ենթարկվելու բնազդի վրա։ Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդների շուրջ անխուսափելիորեն ձևավորվում է ինտելեկտուալ և մասնագիտական անկման վակուում, և չնայած իրենց թվացյալ ուժին, նրանք գնալով ավելի մեկուսացված և խոցելի են դառնում, վերջիվերջո՝ կորցնելով իրենց քաղաքական առաջնորդությունը:

Մեր իրականության մեջ, սակայն, նման առաջնորդի քաղաքական գոյությունը երաշխավորվում է ոչ թե անդեմ ենթակաների քանակով կամ այն հանգամանքով, թե որքանով են նրանք խելամտորեն և արդյունավետ կերպով կարողանում ղեկավարել ընդունակ և խելացի հանրությանը, այլ այդ հանրության՝ խելացի և ուժեղ առաջնորդությամբ ընդվզելու կարողության բացակայությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս