Բաժիններ՝

Օրբանի ելույթը Եվրախորհրդարանոմ ընդհատել են «Երկիրը ծախել եք Պուտինին» բացականչություններով

Հունգարացի ընդդիմադիր ակտիվիստ Մարտոն Նյեկիցկին փորձել է խափանել Վիկտոր Օրբանի մամուլի ասուլիսը Եվրախորհրդարանում, որտեղ նա ներկայացնում էր Հունգարիայի կիսամյա նախագահությունը Եվրոպական խորհրդում, տեղեկացրել է АР-ը։

Այն պահին, երբ Օրբանը խոսում էր Եվրախորհրդարանում ներգաղթի վերաբերյալ, Նյեկիցկին վազել է ամբիոնի մոտ, որտեղ նստած էր Հունգարիայի վարչապետը, նրա վրա ինչ-որ բաների խուրձ նետել, որոնք նման էին թղթադրամների։

Այդ ժեստը նա ուղեկցել է բացականչություններով. «Որքանո՞վ եք ծախել երկիրը։ Որքանո՞վ եք ծախել երկիրը, պարոն վարչապետ։ Նա երկիրը ծախել է Պուտինին, նա ծախել է Սի Ծինփինին»։

Դրանից հետո տղամարդուն գետին է տապալել Եվրախորհրդարանի պահպանությունը, ինչից հետո նրան դուրս են տարել դահլիճից։

Ինքը՝ Օրբանը, միջադեպից հետո առաջարկել է «մի քանի բացատրական խոսք ասել հունգարական քաղաքական մշակույթի մասին»։

«Երբ հունգարացի քաղաքական գործիչը մյուսին ասում է, որ նա սրիկա է, մեր մշակույթում դա նշանակում է միայն «ես քեզ հետ համաձայն չեմ»,- ասել է նա։

Նյեկիցկին Հունգարիայի ընդդիմադիր «Դեմոկրատական կոալիցիա» կուսակցության անդամ է եւ Բուդապեշտի արվարձանի տեղի խորհրդի պատգամավոր։

«Դեմոկրատական կոալիցիայի» նախագահ, Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Դյուրչանը հայտնել է, որ հպարտանում է Նյեկիցկու գործողություններով։ «Մենք կասենք դա ամենուր եւ միշտ. Հունգարիան դավաճանական կառավարություն ունի»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս