Բաժիններ՝

Նոբելյան շաբաթը Շվեդիայում կբացվի բժշկագիտության բնագավառում մրցանակի շնորհմամբ

Հերթական Նոբելյան շաբաթը Շվեդիայի մայրաքաղաքում կբացվի հոկտեմբերի 7-ին ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում դափնեկրի անունը հայտարարելով։ Առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս անվանակարգերում մրցանակակիրները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 8-ին կհրապարակվեն ֆիզիկայի բնագավառում մրցանակակիրների անունները, հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 10-ին՝ գրականության, իսկ հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտնեն Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին մրցանակի դափնեկիրը, որը 1968 թվականին սահմանել է Շվեդիայի պետական ​​բանկը, կորոշվի հոկտեմբերի 14-ին։

Իր կտակում Նոբելը (1833-1896) ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում դափնեկրի ընտրությունը հանձնարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին, որը հիմնվել է 1810 թվականին և այժմ աշխարհի առաջատար կրթական և գիտական ​​բժշկական կենտրոններից մեկն է։

Նրա օրոք ստեղծված Նոբելյան հանձնաժողովը բաղկացած է հինգ մշտական ​​անդամներից, որոնք իրավունք ունեն հրավիրելու փորձագետների՝ խորհրդատվությունների համար։

Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հունվարի 31-ին, ինչից հետո սկսվել է քննարկման գործընթացը։Նոբելյան հանձնաժողովները մինչև վերջին պահը ոչինչ չեն հայտնում ո՛չ մրցանակի հավակնորդների, ո՛չ էլ նրանց թեկնածություններն առաջադրողների մասին։

Շվեդ փորձագետներն արդեն առաջին տարին չէ, որ կարծում են, թե դափնեկիր դառնալու շանսեր ունի ամերիկուհի Մերի Քլեր Քինգը, որը հայտնաբերել է կրծքագեղձի ժառանգական քաղցկեղի գենը՝ BRCA1-ը։ Այս անվանակարգում նաև նշում են քաղցկեղի իմունոթերապիայի բնագավառում հետազոտությունների առաջամարտիկ Սթիվեն Ռոզենբերգին ԱՄՆ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս