Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում են
Արթուր Դավթյանը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլն ավարտվեց:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը 7-րդ տեղից դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ եւ կպայքարի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:
Որակավորման փուլում Դավթյանը հավաքել է 14.666 միավոր:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը ևս դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլից հետո Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժությունում 7-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ:
Որակավորման փուլում նա վաստակել է 14.733 միավոր:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին: