«Ժողովրդավարական ուժերի հարթակը»` ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է օգոստոսին ստորագրահավաք անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն, Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։ Փաստորեն, Փաշինյանից մերժում ստանալուց հետո` պրոարեւմտյան ուժերը որոշել են Հայաստանում ստեղծված հակառուսական մեծ ֆոնին դիվիդենտներ հավաքել հանրության շրջանում:
Մտադիր են ստորագրահավաք սկսել, 50.000 ստորագրություն հավաքել եւ դա որպես հանրային պահանջ ներկայացնել խորհրդարանին, որպեսզի ԱԺ-ն ընդունի Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե անցկացնելու նախագիծը: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ArmLur.am-ին հայտնել է, որ օգոստոսի կեսերին մտադիր են ստորագրահավաքը սկսել, եւ քանի որ գործընթացն ունի ժամկետ՝ 45-60 օր, սեպտեմբերի վերջին նախատեսում են ավարտել այն:
Հավաքված 50 հազար ստորագրությունը կներկայացնեն ԱԺ՝ իբրեւ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե ներկայացնելու նախագիծ-պահանջ: Ճիշտ՝ «Հայաքվեի» նախագծի օրինակով, որը իշխող ՔՊ-ի ջանքերով տապալվեց ԱԺ-ում նախորդ տարի»: