Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատումից հետո երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ: Միջադեպը գրանցվել է նոր կառուցվող ճանապարհի մոտակայքում: Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, հիշեցնենք, հանձնվեց ադրբեջանական կողմին, եւ սկսվեց նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Պարզվում է` ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ միջադեպեր են հրահրում այս հատվածում՝ պատճառաբանելով, թե ճանապարհը կառուցվում է սահմանային խախտումներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց մեր տեղեկությունը: «Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երեկ եւ դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է»,- ասաց պատգամավորը»:

Տեսանյութեր

Լրահոս