Բաժիններ՝

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Ուկրաինայում հայտնել են, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել երկրի տարբեր քաղաքների․ կա շուրջ երկու տասնյակ զոհ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է, որ հարվածների տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը, Կրամատորսկը:

«Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածք և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայությունները ներգրավված են հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար», – գրել է Զելենսկին։

Հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մանկական հիվանդանոցում, ըստ տեղի իշխանությունների, կա 7 զոհ։ Նշվում է, որ հիվանդանոցի փլատակներում կարող են էլի մարդիկ լինել։

Կիևին հարվածի հետևանքով տուժել են բնակելի և գրասենյակային շենքեր։ Ըստ ՌԲԿ-Ուկրաինա պարբերականի՝ երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 25 վիրավորի մասին։

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են նաև Կիևի Շևչենկովսկի շրջանում մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանից ուղևորների տարհանման մասին։

Կրիվոյ Ռոգում հրթիռները հարվածել են արդյունաբերական ձեռնարկության վարչական շենքի։ Ըստ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի՝ քաղաքում կա 10 զոհ, 31 վիրավոր։

Դնեպրում հարվածի տակ են հայտնվել բնակելի շենք և տեխնիկական սպասարկման կայան։ Հարձակման հետևանքների մասին չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս