Բաժիններ՝

Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկու ատրճանակները, որոնցով նա փորձել էր ինքնասպանություն գործել, աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ակնկալվում էր, որ փարիզյան զինագործ Լուի-Մարին Գոսեի կողմից ստեղծված զենքերը կվաճառվեն 1,2-1,5 միլիոն եվրոյով: Ատրճանակները վաճառվել են հուլիսի 7-ին, Osenat աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ, որտեղ Նապոլեոնը փորձել էր ինքնասպան լինել 1814 թվականին գահից հրաժարվելուց հետո:

Ատրճանակների վաճառքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերջերս դրանք որակեց որպես ազգային գանձ և արգելեց դրանց արտահանումը: Ըստ BBC-ի՝ Ֆրանսիայի կառավարությունն այժմ 30 ամիս ունի՝ վաճառքի առաջարկ անելու ատրճանակների նոր տիրոջը, որի անունը չի նշվում։ Սա նաև նշանակում է, որ ատրճանակները Ֆրանսիայից կարող են դուրս բերվել միայն ժամանակավորապես։

Ատրճանակները զարդարված են ոսկով և արծաթով, դրանց վրա պատկերված է Նապոլեոնի պրոֆիլը։

Նապոլեոնի իրերը բավական մեծ պահանջարկ ունեն։ Նրա եռանկյունի գլխարկներից մեկը 2023 թ․ նոյեմբերին վաճառվել էր 1,9 միլիոն եվրոյով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս