Բաժիններ՝

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զգուշացնում է, որ համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել:

«Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները:

Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար:

Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

ՆԳՆ Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել Ոստիկանություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս