Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազությունը մտել է որակապես նոր փուլ: ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ուսումնասիրել այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման և օտարման ոչ ենթակա այլ տարածքների ապօրինի օտարման դեպքերը:

«Առաջնահերթ համարելով շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, հատկապես Երևանում քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելուն ուղղված աշխատանքների կատարման անհրաժեշտությունը՝ շարունակվում են ուսումնասիրվել այն տարածքների սեփականության հիմքերը, որոնցում տևական ժամանակ շինարարական աշխատանքները դադարեցված են, գտնվում են ցանկապատված վիճակում՝ ընդգրկելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։

Բացի այդ, շարունակվում է շրջայցեր իրականացնելու միջոցով այն տարածքների հայտնաբերման գործընթացը, որոնք շուրջ 20 և ավելի տարիներ առաջ՝ պետության կամ համայնքի կողմից օտարվել են մասնավոր ընկերությունների, անձանց՝ հասարակական նշանակության շենքերի կառուցում իրականացնելու նպատակով, սակայն մինչ օրս շարունակում են մնալ որպես շինհրապարակներ: Իրականացված ուսումնասիրություններով ի հայտ են եկել Երևանի կենտրոնում գտնվող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ոչ իրավաչափ դեպքեր. դրանցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայցադիմումներ են ներկայացվել օտարված հողամասերը պետությանը վերադարձնելու պահանջով»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ ուսումնասիրություններն իրականացվել են նաև գետափնյա տարածքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասերի տրամադրման և նշված գոտիներում շինությունների կառուցման ոչ իրավաչափ դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքներով առկա է նախաձեռնված քրեական վարույթ։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ներկայում ուսումնասիրվում են խորհրդային տարիներին գործող հասարակական կազմակերպություններին հանձնված անշարժ գույքերի նկատմամբ Հայաստանում հիմնադրված նույնանուն հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքի գրանցման իրավաչափության հարցերը»,- տեղեկացրեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը ներկայացրեց նաև որոշ վիճակագրական տվյալներ։

«2024 թվականի ընթացքում նշված ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին 9 հաղորդում, դատարան է ներկայացվել 17 հայցադիմում:

Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում կատարվել է 81 ուսումնասիրություն, որոնց արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին 29 հաղորդում, դատարան է ներկայացվել 50 հայցադիմում, ևս 18 հայցադիմում ներկայացվել է Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից»,-նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կնքվել են մի շարք հաշտություններ։

«Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով հաշտության համաձայնություն է կնքվել Դատախազության և պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Արդյունքում՝ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ չկատարված պարտավորության հատուցում: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 մլրդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 մլն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով): Իսկ շենքի 5-րդ հարկում գտնվող տարածքն այնքան ժամանակ, որքան 1-ին և 2-րդ հարկերը տրված են վարձակալության, ըստ պահանջի կտրամադրվի պետական մարմիններին՝ կրթական միջոցառումներ անցկացնելու նպատակով:

Օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտի հիման վրա առաջիկայում կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզում գտնվող 6 հազար 300 քմ հողամասի նկատմամբ:

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հողամասը խախտմամբ օտարելու հիմքով աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ Դատախազության կողմից ներկայացված մեկ հայց, որի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 109 հազար 800 քմ մակերեսով հողամաս:

Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված՝ 29 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Դատարաններում բավարարվել է 4 մլրդ 503 մլն 686 հազար դրամ բռնագանձելու պահանջով 8 հայց (2023 թվականին՝ 318 մլն 759 հազար դրամ պահանջով 22 հայց): Դրանցից միայն մեկը ներկայացնեմ. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 5-ի վճռով բավարարվել է Դատախազության կողմից ներկայացված հայցը: Որոշվել է գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.4 մլրդ դրամ»,- եզրափակեց Վարդապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս