Դատախազության աշխատանքի արդյունավետությունը գնահատողը ՀՀ քաղաքացին է․ Աննա Վարդապետյան

Դատախազությունը հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացավ ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ և հանձնվեցին պետական պարգևներ։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Նիկոլ Փաշինյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորեց բոլորին դատախազության կազմավորման 106-ամյակի և մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ:

«Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք մեզ համար խորհրդանշական այս օրը Գլխավոր դատախազություն այցելելու և Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական բարեփոխումներին աջակցելու և իրավակարգի ու օրինականության ամրապնդմանն ուղղված Դատախազության նախաձեռնություններին սատարելու համար»,-ասաց նա։

Վարդապետյանն ընդգծեց՝ դատախազության աշխատանքի արդյունավետության գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։

«Գովեստի ու քննադատության հեղինակը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ես վստահ եմ, որ նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու հոգատարությունը, աշխատանքում մարդակենտրոն ու հայրենասեր մոտեցումներն անխուսափելիորեն նվազեցնելու են հանրային քննադատությունն ու բարձրացնելու են մեր նկատմամբ վստահությունը։

Գնահատականը թողնելով ժամանակի ու քաղաքացու դատին՝ ես այսօր ուզում եմ Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես ասել՝ շնորհակալ եմ, շնորհակալ եմ Ձեզ ամրության, ազնվության և պրոֆեսիոնալիզմի համար»,-ընդգծեց Վարդապետյանը։

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորեց դատախազությանը հիմնադրման տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց դատախազներին իրենց կատարած աշխատանքի համար։

«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ՝ չենք կարողացել այդ ակնկալիքը առնվազն լիարժեք կերպով հասցեագրել և իրականացնել։ Այս առումով, իհարկե, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով դժվար է գերագնահատել»,-ասաց վարչապետը։

Ելույթներին հաջորդեց առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող տասը դատախազի երդման արարողությունը, որից հետո Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանն ու Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս