Կա՞ արդյոք քաղաքական ճգնաժամ իշխանափոխության անհրաժեշտությամբ. Գարիկ Քեռյան

Հակաիշխանական բողոքական շարժումը Հայաստանի անկախության տոնի նախօրյակին հասավ իր բարձրագույն կետին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ միտինգը և Բագրատ Սրբազանի առաջադրումը վարչապետի թեկնածու, մեկ անգամ ևս արձանագրեց շարժման վերջնական նպատակը. իշխանափոխություն սահմանների ճշտման գործընթացը նման ձևերով ու մեթոդներով կանխելու համար: Նախ նշեմ, որ միտինգավորների թվի շուրջ բանավեճը՝ 32 հազար, թե 100 հազար, անիմաստ է, որովհետև Հայաստանի նման փոքր պետության և բնակչության թվի համեմատ հազար հոգու բողոքի հանրահավաքն արդեն որոշակի քաղաքական հայտ է և արժանի է համապատասխան արձագանքի և գնահատականի հանրության և իշխանության կողմից: Այժմ ըստ էության:

Կա՞ արդյոք քաղաքական ճգնաժամ իշխանափոխության անհրաժեշտությամբ: Ընդդիմությունն ասում է այո, իշխանությունը՝ ոչ: Պարզ է, որ հակառակորդ ճամբարների դիրքորոշումներն այլ կերպ չեն կարող լինել: Իրականությունը, սակայն ոչ թե դիրքորոշումներով և կարծիքներով է բացահայտվում, այլ ընդդիմության և իշխանության ուժերի և կարողությունների հարաբերակցությամբ և հատկապես պետության ղեկը պահելու և կառավարելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ռեսուրսներով: Մեկ անգամ ևս անհրաժեշտ է հիշել հայտնի բանաձևը. հեղափոխական իրադրություն առաջանում է, երբ վերին խավերը չեն կարող կառավարել, իսկ ստորին խավերը չեն ուզում այլևս հին ձևով ապրել: Եթե այս երկու գործոններից թեկուզ և մեկը բացակայում է, հեղափոխական մեթոդներով, այն է՝ զանգվածային բողոքական ճնշմամբ իշխանափոխությունը շատ դժվար է կամ անհնարին:

Վերին խավերի կառավարման ունակությունը դա ուժային կառույցների՝ բանակի, ոստիկանության և հատուկ ծառայությունների կառավարելիության և ենթակա լինելու հանգամանքն է: Մարդկության քաղաքական պատմության մեջ երբևիցե իշխանությունը ներքևից եկող զանգվածային ճնշմամբ չի փոխվել, առանց բանակի և ոստիկանության վերաբերմունքի և աջակցության փոփոխության: Իսկ այժմ փորձենք կանխատեսել և հստակեցնել ներկա քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները: Երևում է, որ իշխանությունը վարում է ոստիկանության մեծաքանակ ուժերի միջոցով շարժումը կանգնեցնելու, զսպելու, աստիճանաբար մաշելու և մարելու քաղաքականություն: Այստեղ նրա հաջողությունը պայմանավորված է շարժման ծավալային աճի տեմպերից:

Եթե ինչ որ պահի իշխանությունը երերա, կգա այլ լուծումներ և ելքեր փնտրելու ժամանակը: Ընդդիմության համար իդեալական տարբերակը ժամանակավոր/ անցումային կառավարության կազմումն է և ինչ որ ժամանակ անց արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Իշխանության համար լավագույն տարբերակը շարժումը մարելն է, կիսալավագույն տարբերակը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, առանց ժամանակավոր/ անցումային կառավարության: Կարող է և լինել փոխադարձ համաձայնությամբ անկուսակցական-պրոֆեսիոնալ մասնագետների կառավարության կազմումը, որը ես համարում եմ փրկություն պետականության փլուզման կանխման համար, բայց դա հայկական մարտնչող իշխանատենչության մթնոլորտում անհնար է իրականացնել: Եթե նկատեցիք առաջին երկու տարբերակներում վճռորոշը ընտրությունների կազմակերպման և ղեկավարման գերխնդիրն է:

Ինչպես ամենուր այնպես էլ Հայաստանում լավ գիտակցում են, որ հաղթում է նա, ով ձայների հաշվման և քվեարկության վերահսկողության մեխանիզմներին է տիրապետում: Դրա համար էլ իշխանությունը ծաղրում է ընդդիմությանը, որը մանդատները վայր չի դնում արտահերթ ընտրությունների գործընթացին նպաստելու համար, իսկ ընդդիմությունն էլ նախորդ փորձից և հատկապես 2021թ. դառը պարտության դասերից ելնելով, հասկանում է ներկա իշխանություններով նոր արտահերթ ընտրությունների գնալու անթույլատրելիությունը: Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում իշխանական լծակների, գործադիր և դատական մարմինների, վարչական ռեսուրսների օգտագործումն է ընտրություններում հաղթանակի գրավականը:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան

Տեսանյութեր

Լրահոս