Վեհափառ հայրապետին խնդրել եմ սառեցնել հոգևոր ծառայությունս. Բագրատ սրբազան

Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:

Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն իր ելույթում հայտարարեց՝ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է:

Հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց, որ այդ պաշտոնի համար ակնկալիք չի ունեցել, հիմա էլ չունի, վաղն էլ չի ունենալու, ակնկալիք չի ունեցել մնացած աստիճանների համար:

«Առաջին օրվանից ասել եմ, որ այս պայքարը չակնկալիքների պայքար է: Մարդիկ չեն հասկացել, թե դա ինչ է, որովհետև իրենց ամբողջ կյանքը եղել է ակնկալիքների մասին՝ նյութական իմաստով, աթոռի, պաշտոնի, փողի»,- շեշտել է նա և հավելել.

Կարդացեք նաև

«Իմ կյանքի որևէ հանգամանքում չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ստանձնել եմ, սխալների դեպքում՝ ընդունել, անդրադարձել և փորձել սրբագրել կամ հեռանալ, իսկ բարիքի դեպքում՝ տարածել իմ շուրջ գտնվող ժողովրդի վրա՝ որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում: Այս իմաստով նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ, լեզուս էլ չի պտտվում ասելու, վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում և ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել, և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար: Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, պետության զոհասեղանին»:

Բագրատ Սրբազանը շարունակելով միտքը՝ շեշտել է, որ միշտ ասել է՝ իր համար հոգևոր հանգամանքը և կոչումն ավելին է, քան որևէ տեսակի պաշտոն:

«Սա ուղղակիորեն այն պահանջված պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ կոչված է այդ զոհաբերությունն ունենալու այս շարժման մեջ առանց որևէ երկմտանքի ու կասկածի, հաղթելու և ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»,- ընդգծել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս