Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կլինեն ազատության մեջ. դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ՝ 3 ամսով չեն կարող հաղորդում վարել
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում են «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի սկզբում, որը քննվում էր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավորը բացարկ հայտնեց, ինչից հետո գործը մակագրվեց այլ դատավորի:
Այսօրվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։
Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22-ից, այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։
Հիշեցնենք նաև, որ նշված թողարկման հաջորդ օրը՝ առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքիհի մնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:
Այսօրվա դատական նիստի սկզբում դատավարության մասնակիցների ինքնության նույնականացումից հետո հանրային մեղադրողը միջնորդեց՝ Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը պետք է երկարացվի 3 ամսով, որովհետև շարունակում է մնալ քննությանը խոչընդոտելու ռիսկը: Բացի դրանից, կարող է ազատության մեջ մնալով՝ շարունակել իրենց գործունեությունը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները: Ըստ հանրային մեղադրողի՝ մասնավորապես ուշադրության է արժանի Նարեկ Սամսոնյանի հետհանցավոր վարքագիծը՝ որպես օրինակ բերելով նրա կողմից հնչեցված արտահայտությունը ոստիկանության բաժնից դուրս գալիս: Մյուս հանրային մեղադրողը միացավ միջնորդությանը:
Նույն միջնորդությունը ներկայացվեց նաև Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ:Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր խոսքում նկատեց՝ խափանման միջոցների առնչությամբ Քրեական դատավարության նոր օրենսգրքում հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել:
«Քրեական իրավունքի տեսանկյունից կոշտ բառապաշարով քննադատությունը լիովին ընդունելի է: Որևէ կերպ իրավաչափ համարվել չի կարող հանրային մեղադրողների այն պնդումը, թե ազատության մեջ նոր հանցանք կկատարեն: Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մարդ գողանալու համար, որը Նոյի ժամանակներից հանցավոր արարք է: Մարդը դրսևորել է խոսքի ազատություն: Իմ պաշտպանյալը լրագրողական գործունեություն իրականացնող անձ է, որի ժամանակ, այո՛, նա կոշտ քննադատություն է անում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ որևէ մեկը սարկազմը չի արգելել, և այս գործը խուլիգանության մասին չէ:
Խոսքի իրավունքից օգտվեց նաև Նարեկ Սամսոնյանը, ով նախապես ներողություն խնդրեց, որ պետք է երկար խոսի, բայց բացառապես քաղաքական պատճառներով կալանավորվելուց հետո 2 ամիս հնարավորություն չի ունեցել հրապարակային խոսքով հանդես գալու:
«6 տարվա ընթացքում իմ նկատմամբ գործող իշխանությունն իրականացնում է քաղաքական հետապնդման բոլոր ռեպրեսիվ ձևերը: Բոլոր մարդիկ, ովքեր ինձ հետ շփվել են, գիտեն, որ ես երբեք սահմանները չեմ անցնում: Մեր թողարկումը 3 ժամ է տևում, ընդհանուր առմամբ 3 ժամից մի րոպեն հայհոյանք չի պարունակում: Սակայն կա մարդ, ում վերաբերյալ 6 գործ կա՝ բացառապես սեռական հայհոյանքներով համեմված հաղորդման համար, սակայն դա որևէ կերպ քրեական գործի թեմա չի դարձել: Այս հոդվածը բացառապես մեզ համար է»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:
Ինչ վերաբերում է «հետհանցավոր արարքին», Նարեկ Սամսոնյանն ասաց՝ բոլորը տեսել են՝ իրեն ինչպես են բերման ենթարկել:
«Ինձ բերման են ենթարկել ավելի վատ ձևով, քան իմ երկրի տարածք մտած ու մարդ սպանած ադրբեջանցի դիվերսանտին: Ինձ մոտ թույլ չեն տալիս մտնել իմ պաշտպանին:
Այն, ինչ ասել եմ ոստիկանության բաժնից դուրս գալիս, հետհանցավոր արարք չէ:
Հետհանցավոր արարք կլիներ, եթե ես հանցավոր արարք գործեի քրեակատարողական հիմնարկում: Տեսակցություններս ու զանգերս բաց են, հանցանք գործեի, կանեի, կզանգեի, կասեի, կգրեի: Չեմ հասկանում, մեր նկատմամբ՝ անմեղսունակության կանխավարկա՞ծ կա: Այսինքն՝ մենք ստեղից պիտի դուրս գանք, նույն բանը անե՞նք, հետ գնա՞նք»,-ասաց նա:
Իր խոսքի ավարտին Նարեկ Սամսոնյանը դատարանին խնդրեց վերականգնել արդարությունը:
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ նկատեց՝ որևէ անգամ որևէ վարույթով իր պաշտպանյալը չի խուսափել ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
Ինչ վերաբերում է Վազգեն Սաղաթելյանի՝ ՌԴ քաղաքացի լինելուն, նա իր կյանքով է ապացուցել, որ որևէ տեղ փախչելու մտադրություն երբևէ չի ունեցել և չունի:
«Ես չեմ կարող փախչել: Ընդդիմադիր եմ 2018թ.-ից: Չեմ փախել, երբ Փաշինյանի վարկանիշը 90% է եղել, 70%, հիմա պիտի փախչե՞մ, երբ 7 % վարկանիշ ունի»,-ասաց Վազգեն Սաղաթելյանը:
Վազգեն Սաղաթելյանն էլ նկատեց՝ իրենք իրենց հեռուստադիտողի հետ ազնիվ են եղել, զգուշացրել են, որ կիրառվելու է կոշտ բառապաշար:
Հաջորդիվ դատավոր Արման Հովհաննիսյանը հարցեր ուղղեց հանրային մեղադրողներին: Նրան հետաքրքրում էր՝ ինչու է պետք միջին ծանրության հանցանքի դեպքում կիրառել ամենախիստ խափանման միջոցը, արդյո՞ք այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալների պատշաճ վարքագիծը:
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց փոխել խափանման միջոցը, կիրառել վարչական հսկողություն խափանման միջոցը, 3 ամսով արգելել վարել հաղորդում, հասարակության նկատմամբ դրսևորել հարգալից վերաբերմունք:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: