ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը
Ադրբեջանական քաղաքական վանդալիզմը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ դատապարտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։
Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով էր բաց ցեղասպանությունների փուլային պրակտիկա իրականացնող երկրի պաշտոնյայի վարած հանդիպումը։ Արդոք Հաջիևի պատկերացրած քննարկման «լայնությունը» ուղիղ համեմատական էր հայկական մշակույթի նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների շարքին և բաց այնքան, որքան, օրինակ, Հին Ջուղայի ավերված հայկական գերեզմանատունը՝ միջազգային հանրության համար։
Հաջիևը եզրակացրել է, թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատկանում է բոլորիս և ողջ միջազգային հանրությանը։ Մենք պետք է ավելի պաշտպանենք և զարգացնենք այս կազմակերպությունը»։ Այստեղ խիստ խնդրահարույց է, թե ինչ է պատկերացնում Ադրբեջանի նախագահի օգնականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության և զարգացման տեսլականի տակ։ Արդյոք նա ակնարկել է այն նույն նավթադոլլարների մասին, որոնք ապահովեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման ժամանակ։
Այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման ամենաիրական սպառնալիքի տակ։ Հայկական կրոնական, ազգային-հոգևոր կառույցները, ամբողջական բնակավայրեր ոչնչացվում, պղծվում, նենգախեղվում և այլակերպվում են, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական վանդալիզմն այլևս սահմաններ չճանաչող իրողություն է, որը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Հետևանքը՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթական օջախների, եզակի ճարտարապետական հորինվածքներով շինությունների, մշակութային ամբողջական համալիրների ոչնչացումն է։ Մենք պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջ տալ լռության և հարմարվողականության «թեյասիրական» գործելաոճին և իրականացնել սեփական մանդատով ենթադրվող գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ: