«Ճիշտ գործելու դեպքում շարժումը կհաջողի. Փաշինյանը վարում է անգլուխ քաղաքականություն». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ մայիսյան Եռատոնը միշտ էլ մնալու է Եռատոն, որովհետև հարյուրավոր տարիներ հետո՝ պարտություններից ու Ցեղասպանությունից հետո, հայ ազգը կարողացավ 90-ականներին ունենալ հաղթանակ։

«Այս հաղթանակի պատմական նշանակությունն ու կարևորությունը երբեք չի կորի։ Ամենակարևոր բանը՝ մենք՝ որպես ժողովուրդ, որ ցուցադրեցինք 90-ականներին, այն էր, որ մենք կարող ենք՝ կորսված ու պարտված ազգ չենք, կարող ենք հաղթել։ Իսկ հաղթում ենք, երբ ունենում ենք ճիշտ քաղաքական միտք և ընտրում ենք ճիշտ ռազմավարություն։ Սա ամենակարևոր դասն է 90-ականների։  Եթե ունենում ես սխալ քաղաքական միտք, ռազմավարություն, ապա պարտվում ես։ Սա նշանակում է, որ իրականում ամեն ինչ գտնվում է մեր ժողովրդի ձեռքում, մենք նորից կարող ենք դառնալ հաղթական ժողովուրդ»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով մայիսյան Եռատոնի կարևորությանն ու այն վերականգնելու ուղիներին։

Լրագրողները ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից նաև հետաքրքրվեցին՝ կուսակցությունն այսօր Երևանում միանալո՞ւ է Տավուշից մեկնարկած երթին, որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

Լևոն Զուրաբյանը պատասխանեց՝ ՀԱԿ-ի համար որևէ նախաձեռնության կամ շարժման միանալու գաղափար գոյություն չունի։ 1988 թվականից սկսած կուսակցությունը ամենամեծ ցույցերն ու շարժումներն է արել՝ 1988 թվականից մինչև 1991 թվականը, 2007-2015 թվականները, և այլն։

Կարդացեք նաև

«Մենք շատ շարժումներ ենք ղեկավարել, բայց միշտ եղել է  նույն մոտեցումը, որ եթե մենք նախաձեռնում ենք շարժում կամ համահեղինակ ենք շարժման, երբ եղավ 2014 թվականին քառյակի հետ միասին, բնականաբար, ղեկավարում ենք այն ու ժողովրդին՝ միանալ շարժմանը։ Նաև պատասխանատվություն ենք կրում դրա համար։ Տվյալ դեպքում, որքան էլ մենք համակրենք այն բողոքը, որն իսկապես լուրջ հիմքեր ունի, եկեք հասկանանք, որ սրա հիմքը համաժողովրդական բողոքն է, այն անգլուխ, միակողմանի ու անռազմավար քաղաքականությունը, որն այսօր տանում է ՀՀ իշխանությունը։ Այսինքն՝ Փաշինյանի վարած քաղաքականությունն ամեն մեկն իր ձևով է քննադատում։ Բայց, քանի որ մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող, օրինակի համար, կոչ անել ժողովրդին միանալ։

Մենք, քանի որ չունենք կուսակցական որոշում հանրահավաքի ու առհասարակ այդ շարժման տակտիկայի հետ կապված, ամեն մեկն իր անհատական որոշումը կկայացնի»,- հավելեց ՀԱԿ փոխնախագահը։

Հաջորդ հարցին՝ առաջիկայում շարժման վերաբերյալ Առաջին նախագահի գլխավորությամբ կլինի՞ հայտարարություն, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ չի բացառվում, հնարավոր է՝ որոշակի զարգացումների դեպքում նպատակահարմար լինի հայտարարությամբ հանդես գալ։

ՀԱԿ փոխանախագահը նաև ընդգծեց՝ շարժումը չի կարող չունենալ քաղաքական պահանջ, եթե մարդիկ դուրս են եկել փողոց, ապա ինչ-որ պահի պետք է ձևակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը։

«Այս իշխանությունը վաղուց պետք է համարեր, որ հեռանալու պահն է, ոչ թե այդ կլոունադան ներկայացներ, որ ասում է, թե ինքը մի քանի անգամ հրաժարական է ներկայացրել։ Նա տապալել է ամեն ինչ, տապալել է խաղաղությունը 2019 թվականին, երբ Մինսկի խմբի համանախագահությունը սեղանին էր դրել մի խաղաղ լուծում, որով Լեռնային Ղարաբաղը՝ Քարվաճառով ու Բերձորով, մնալու էր հայկական վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակը դառնալու էր ապագա սերունդների լուծելիք մի հարց, բազմազգ խաղաղապահներ էին նախատեսված։ Նա ոչ միայն չմտավ բանակցությունների մեջ, այլև դա թաքցրեց սեփական ժողովրդից։ 2020 թվականին Կապանի իր հայտնի ասուլիսի ժամանակ ասաց, որ քննարկելիք որևէ փաստաթուղթ չկա։ 44-օրյա պատերազմն ամբողջովին իր խղճի վրա է, տարավ մի պատերազմի, որտեղ մենք ջարդուխուրդ եղանք։ Հետո մերժեցին ռուսական կարգավորման պլանը, հույս հայտնելով, որ պետք է ստանան Արևմտյան կարգավորման պլանը, դա էլ տապալվեց, այսինքն՝ ամբողջ հաշվարկը հիմարությոն էր։ Այսօր Արևմուտքը չի գալիս աջակցության, իսկ Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանը մերժել է։ Արդյունքում՝ այսօր Էրդողանը Փաշինյանին ասում է՝ քո ռեգիոնալ լիդերն Ալիևն է, գնա նրա հետ քո հարցերը լուծի»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ այսօր իշխանությունների նկատմամբ հանրության դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատ մեծ են, հետևաբար՝ Տավուշից մեկնարկած շարժման հաջողությունը կախված է այն նախաձեռնողներից։

«Ամեն ինչ կախված է նրանց քաղաքական ուղերձներից, նրանց քայլերից, ճիշտ քայլեր, գործողություններ, քննադատություն, եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա շատ հավանական է, որ կարելի է հասնել արդյունքի»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս